ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




Անվանական ծառուղիներ՝ ճանապարհի երկայնքով

 Նիգ–Ապարան հայրենակցական միությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը հուշագիր են ստորագրել, որ բնակլիմայական խիստ պայմաններ ունեցող Ապարանի նախկին շրջանի տարածքում, Աշտարակ–Ապարան ավտոմայրուղու, ինչպես նաեւ միջհամայնքային ճանապարհների որոշ հատվածներում (ընդհանուր առմամբ՝ 7 կմ) ծառուղիներ ստեղծվեն։ Նախաձեռնությունը հայրենակցականինն է։

Անցյալ շաբաթ օրը ծառատունկը մեկնարկեց Աշտարակ–Ապարան ավտոմայրուղու՝ Ափնագյուղ–Հարթավան հատվածում։ Չնայած եղանակն այնքան էլ բարենպաստ չէր, այդուհանդերձ, միջոցառումը բազմամարդ էր։ Մայրաքաղաքից եկած մասնակիցներին միացան տարածքի ութ համայնքների բնակիչները, գլխավորապես ավագ եւ միջին դասարանների դպրոցականներ։ Տնկվեց 2200 ծառ, որով ձեւավորվեց մոտ 3,5 կմ ծառուղի։ Ըստ Արագած համայնքի գյուղապետ Գագիկ Պողոսյանի, յուրաքանչյուր համայնք միջին հաշվով ստեղծելու է 500–600 մ ծառուղի։
Այս հատվածում նախկինում էլ ծառատունկ կատարվել է, սակայն արդյունքը շատ փոքր է եղել։ Պատճառը, ըստ Գագիկ Պողոսյանի, նաեւ տնկիների տեսակներով է պայմանավորված։ Թխկի եւ հացենի տեսակները չեն հարմարվել տեղի բնակլիմայական պայմաններին եւ շոշափելի արդյունք չեն տվել։ Այս անգամ բերվել են Շիրակում աճեցրած կանադական բարդիներ, որոնք միանգամայն հարմար են ցրտաշունչ այս տարածքի համար։ Ծառատեսակի ընտրությունը կատարվել է բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների մասնագետների խորհրդով։
Մինչ ծառատունկն սկսելը, Ափնագյուղի մոտակայքում հիմնադրվեց անվանական ծառուղի։ Այստեղ իրենց անունը կրող ծառեր տնկեցին ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ–Ապարան» հայրենակցականի պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, անվանի բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Վիկ Դարչինյանը եւ Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Վիկտոր Վլասովը։ Հետագայում այստեղ անվանական նոր ծառեր կտնկվեն։
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Վիկ Դարչինյանի հերթական հաղթանակի առիթով շնորհակալագիր եւ արժեքավոր նվեր հանձնեց անվանի մարզիկին։ Վիկն ասաց, որ այդ օրը ինքը միշտ հաճույքով է հիշելու։
Այս ծառատունկն ինչպե՞ս է գնահատում բնապահպանության նախարարը, եթե նկատի առնենք, որ սա «Նիգ–Ապարան» հայրենակցականի առաջին ծառատունկը չէ։ «Շատ կցանկանայի, որ հնարավորություն ունեցող ամեն ոք այսպիսի նախաձեռնություն հանդես բերի՝ ի նպաստ մեր երկրի բնության պաշտպանության։ Սա գովելի նախաձեռնություն է։ Օրվա խորհուրդը մեր մատաղ սերնդին օրինակ ծառայելն է, նրանց մոտ ավանդույթ ձեւավորելը, որ ամեն մարդ կյանքում ծառ տնկի եւ շրջապատը մաքուր պահի։ Ծառ տնկելը, բնությունը պաշտպանելը մարդկության բարօրության հիմքերից մեկն է։ Մի քանի տարի առաջ այս ճանապարհով անցնողը աջ ու ձախ ամայի տարածքներ էր տեսնում։ Հիմա բերքատու այգիներ են հիմնվել, դեկորատիվ ծառեր են տնկվել։ Ուրախալին հատկապես նորատունկ այգիների երեւան գալն է։ Դա նշանակում է քայլ դեպի գյուղատնտեսության զարգացում, միաժամանակ՝ շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծում։ Եթե ամեն անգամ տնկված ծառերի գոնե 50–60 տոկոսը արմատ գցի, սա արդեն մեզ համար մեծ հաջողություն կլինի։ Այս տարածքում ոռոգման խնդիրը լուծված է, ոռոգման ցանցեր են կառուցված, ինչը հույս է տալիս, որ արդյունքը լավ է լինելու»,–ասաց Արամ Հարությունյանը։
Նախարարի միտքը, թե այս ակցիան նոր սերնդի մեջ բնասիրական, բնապահպանական ավանդույթ ձեւավորելու խորհուրդ ունի, ծառատունկի օրը բավական ընդգծված երեւաց։ Դպրոցականները պարզապես իրարից խլելով էին տնկիները հանձնում հողին։ Ուղղություն, խորհուրդ տվողները ավագ մարդիկ էին, բայց գործի գերակշիռ մասը կատարեցին դպրոցականները։ Տեղացած հորդ անձրեւն էլ չխանգարեց, որ նրանք շարունակեն աշխատանքը եւ բոլոր տնկիները պահ տան հողին։ Ընդգծված ակտիվությամբ աշխատող մի պատանու՝ Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցի 10–րդ դասարանցի Գոռ Տերոյանին հարցնում եմ, թե գիտի՞, արդյոք, ինչ է անում եւ ինչ է սպասում իր աշխատանքից։ Պարզվեց՝ գիտի. «Ապարանի տարածքում ծառերը քիչ են, տնկում ենք, որ շատանան։ Ամեն անգամ, երբ ծառատունկ է կազմակերպվել, եկել եմ։ Եկել են նաեւ իմ հասակակիցները։ Միշտ էլ հոժարակամ ենք եկել։ Այսօր էլ եկել ենք մեր դասարանի տասներկու աշակերտներս։ Հարկ լինի՝ մեր տնկած ծառերի խնամքն էլ կկատարենք»։
«Նիգ–Ապարան» բարեգործական միության նախագահ Հայկազ Նավասարդյանի տեղեկացմամբ, իրենք 2006 թ. ծառատունկ են իրականացրել Սյունիքի մարզում, Երեւանում, Էջմիածնում։ «Բնականաբար, Ապարանի տարածքում խնդիրն ավելի կարեւոր է,–ասաց նա,–այստեղ Արարատյան դաշտի պես կանաչապատված չէ, հետեւաբար, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն։ Մեր խնդիրն է, որ նորատունկ ծառերը կպչեն եւ մեր արածը արդյունք տա»։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ / 24-05-2011

Share on Facebook