ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ ԲՌՆԵՆՔ ՄԻԱԿԱՄ

 


   Մի քանի ժամ շտաբում

Մայիսի 28-ին, Արագած լեռան փեշերին կայանալիք «Միասնության շուրջպարին», կարելի է ասել, մնացել են հաշված ժամեր։ Մենք՝ մասնակիցներս, իհարկե, կարող ենք այսպես անհոգությամբ արձանագրել ժամանակը, մինչդեռ աշխարհում նախադեպը չունեցող համազգային տոնախմբության կազմակերպիչների համար, հատկապես վերջին օրերին, ամեն մի վայրկյանը թանկ է։
Համենայն դեպս երեկ «Միասնության շուրջպարի» շտաբում անցկացրած մի քանի ժամերի ընթացքում, երբ «մոնիտորինգի» ենթարկեցինք «թեժ կետում» տիրող իրավիճակն ու մթնոլորտը, պարզվեց, որ դա, իրոք, այդպես է։
Ռեակտիվային արագությամբ գործող շտաբի աշխատակիցները, շուրջպարի պատասխանատուները չդադարող հեռախոսազանգերին պատասխանելուց զատ, ընդունում ու ճանապարհում էին բազմաթիվ մարդկանց, անհատ քաղաքացիների, տասնապետերի, հարյուրապետերի, հազարապետերի, անգամ երկուհազարապետերի, որոնք եկել էին տարբեր մարզերից, նաեւ Երեւանի համայնքներից։
Բայց նախ ինչն էր զարմանալի. այս ողջ անցուդարձի ընթացքում այդպես էլ չնկատեցինք որեւէ անխոհեմ քայլ։ Շտաբում, ինչ խոսք, ներքին շիկացում կամ ներքին լարվածությունն զգացվում էր, բայց արտաքին դրսեւորման առումով թե՛ աշխատակիցների եւ թե՛ անդադար ներս ու դուրս անողների կողմից որեւէ խառնաշփոթ վիճակ չստեղծվեց, ձայնի բարձրացման կամ ավելորդ ու անպտուղ խոսակցության, ինչ-ինչ անհարկի տեսարաններ չնկատեցինք։ Այս գործնական ելումուտի ընթացքում պարզվեց, որ մարդիկ եկել էին շտաբ իրենց «եղն ու բրինձը» տանելու։ Այսինքն՝ յուրաքանչյուրն իրեն հասանելիք (մասնակիցների թվի չափով) սերտիֆիկատները, անցագրերը եւ ծիրանագույն գլխարկները։
Ի դեպ, աչքս ընկավ շտաբի ղեկավարի սեղանին դրված հազարապետերի «հաշվետվությունների» տրցակին եւ նկատեցի, որ դրանցում նշված խնդիրների սյունակում, հիմնականում բոլորը նշել էին, թե «պրոբլեմ չկա»։
Այսինքն՝ ոչ մի կասկած, որ նշված օրը, նշված ժամին բոլորս, ազգովին իրապես «գրկելու» ենք լեռը։ Կան, իհարկե, մարդիկ, որոնք թեեւ անկեղծորեն ոգեւորված են շուրջպարի գաղափարով, սակայն մինչ օրս էլ չեն կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս է դա իրականանալու։ Թերեւս երեւակայության հարց է նաեւ, բայց ցանկացած տեսիլք, «առարկայացնելու» համար, նախորդած ողջ ժամանակահատվածում պետք է ահռելի աշխատանք կատարել։ Ահավասիկ։

ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ
27 մայիսի
6։00-18։00 – Տեղանքի վերջնական նախապատրաստում։
23։00 – Հրավառություն, խարույկներ

28 մայիսի
10։00-14։00 – Մասնակիցների գրանցում եւ հաշվառում
14։00-14։45 – Մասնակիցների տեղակայում եւ նախապատրաստում շուրջպարին
14։55-15։00 – Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը («Տառաքարերի պուրակում»)
15։00-15։15 – Շուրջպար
15։30 – Տոնախմբության շարունակությունը նախապատրաստած մշակութային ծրագրերի համաձայն
Ի դեպ, մինչ շուրջպարը Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ հնչելու է «Միասնության շուրջպարի» օրհներգը։

ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՐԿԸ
ԱՐԴԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԷՐ
Երեկ Ագաթանգեղոսի 7 հասցեում տեղակայված շտաբի դիմաց ավտոկայանատեղերի հսկիչը արդեն բավական ճաշակով պատրաստված գլխարկով էր։ Եւ իր գլխարկով հիացած՝ ավելի աշխուժությամբ էր կատարում իր գործը՝ ընդունելով, տեղավորելով ու ճանապարհելով մեքենաները։
Բավական ազդեցիկ տեսք ունեն նաեւ հրատարակված սերտիֆիկատները։ «Պատմական» այս փաստաթուղթը, որը ձեռք կբերի յուրաքանչյուր մասնակից, տասնամյակներ անց նրա համար կդառնա անհերքելի վկայագիր այն մասին, որ ինքն էլ է մասնակցել շուրջպարին։ Արդեն 300 հազարի հասնող մասնակիցներին տարբեր վայրերից լեռան ստորոտը հասցնելու համար տրանսպորտային միջոցների թիվը անցնում է 20 հազարից, եւ դրանց դիմապակուն փակցվող անցագրեր երեկ ստացան շատերը։ Անձնական մեքենաներով տեղ հասնելու ցանկություն ունեցողների թիվը եւս մեծ է։ Անգամ 35-ը կիլոմետրեր են կտրելու… հեծանիվով։
Ընդհանուր առմամբ երեկ, կեսօրվա դրությամբ, մասնակիցների մեկ երրորդը արդեն ստացել էին իրենց գլխարկները, սերտիֆիկատները եւ անցագրերը։ Երեկ տեղեկացանք նաեւ, որ շտաբը հոգացել է լեռան «հատակագիծը» կազմող (63 կիլոմետրանոց ողջ շրջագիծ) երկարությամբ ռադիոցանցի վերականգնման մասին։ Մինչ օրս բարձր գոտիներում երբեք չի եղել ռադիոհաճախություններ եւ մայիսի 28-ին FM-ով շուրջպարի երաժշտության ձայնագրությունը կապահովվի։ Միջոցառմանը ուրախությամբ են արձագանքել եւ ցանկություն են հայտնել մասնակցել շուրջ 200 պրոֆեսիոնալ եւ ինքնագործ խմբեր, այդ թվում նաեւ «Փարոս» երգչախումբը։
Արագածը շղթայող մայրուղիներով, որն անցնում է Արագածոտնի եւ Շիրակի մարզերի 106 համայնքների տարածքներով, շուրջպար բռնած հայությանը «նշանակետի» տակ կառնեն ոչ միայն հայաստանյան, այլեւ աշխարհում հայտնի մի քանի հեռուստաընկերություններ, որոնք արարողությունը կնկարահանեն ուղղաթիռներից։

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ
Երեկ շտաբ այցելողների հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել նաեւ, թե որտեղի՞ց են եկել, լեռան ո՞ր հատվածում են լինելու, ընդհանրապես ինչպե՞ս են մասնակցելու շուրջպարին կամ, ինչպես փրկիչը կասեր, «ի՞նչ են անելու, ումո՞վ են անելու եւ ինչպե՞ս են անելու»։ Ի դեպ, մի քանի ժամերի ընթացքում այդպես էլ շտաբում չտեսանք որեւէ ընդդիմադիր գործչի։ Բացի, իհարկե, Աղասի Արշակյանից, որը նոր էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից եւ հիացած պատմեց, թե այնտեղ մի ներկայանալի հավաքի ժամանակ ինչպես են ռուսները հիացմունքով խոսել Հայաստանում հիմնված «Տառաքարերի պուրակի» մասին։ Ապարանցի պատգամավորը նաեւ ասաց, որ ինքը հարյուրապետ է, եւ 100 մասնակիցները հիմնականում ներկայացնում են իր տոհմը։
Եթե շտաբի հրատարակած բարձորակ բուկլետի շապիկին զետեղված է Չարենցի հայտնի պատգամը, ապա երեկ ծանոթացանք միանգամայն «թարմ» ակրոստիքոսի, որը գրել էր մի երիտասարդ, եւ իր ստեղծագործությունը ձեռքին եկել էր շտաբ։ Ճիշտ է, Աղասի Արշակյանին չէր նվիրված ակրոստիքոսը, այլ գրվել էր շուրջպարի գաղափարը հղացողի եւ իրականացնողի անուն-ազգանվան սկզբնատառերով, բայց պատգամավորը խանդավառված էր, իսկապես հաջողված ակրոստիքոսով։ Եւ նախ մեր հարցուփորձը սկսեցինք նրա՝ հեղինակի հետ զրուցելով։

ԱՐՇԱՎԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Աջափնյակ համայնքի բնակիչ
-88-ից ի վեր նման գաղափարով ոչ ոք հանդես չէր եկել, եւ իմանալով, այնքան ներշնչվեցի, որ ստեղծագործեցի՝ գրելով Աղվան Հովսեփյանին նվիրված այս ակրոստիքոսը։ Նա ինքը՝ գլխավոր դատախազը, դեռ չի կարդացել։
Շուրջպարին մասնակցում եմ իմ ընտանիքով՝ 5 հոգով, եւ պարելու ենք Քուչակ գյուղի շրջակայքում։ Ես թեեւ անկուսակցական եմ, բայց, միեւնույն է, չեմ հասկանում, թե ինչպե՞ս են որոշ ընդդիմադիր գործիչներ հայտարարում, թե չեն մասնակցելու։ Ի՞նչ են ուզում դրանով ապացուցել, այն, որ մեր ազգը պառակտվա՞ծ է։ Մինչդեռ սա այն օրն է, որ բոլորը պետք է միակամություն հանդես բերեն, մոռանալով իրենց կուսակցական պատկանելությունը։ Դրա համար էլ իմ ակրոստիքոսը այսպես է ավարտվում. «Աստծո օրհնանքը ձեզ միշտ ուղեկցի։ Նման հայորդի ազգը շատ ծնի…»։

ՄՀԵՐ ՄԵԼԻՔՅԱՆ
Լոռու մարզպետարանի
վարչության մասնագետ
-Փոխմարզպետի հետ եկել ենք գլխարկները, սերտիֆիկատները տանելու։ Մեր մարզում մասնակիցների թիվը 10 հազար է։ Ավելի ճիշտ՝ հիմա արդեն հասել է 20 հազարի, բայց թերեւս 10 հազարին կարողանանք ապահովել տրանսպորտային միջոցներով, մնացած ցանկացողները կգան իրենց մեքենաներով։ Վանաձորից մինչեւ շուրջպարի մեր հավաքատեղին մոտավորապես 60 կմ է։ Մասնակցելու ենք Գեղարոտի, Մելիքար գյուղերի տարածքում։

ՀԱՅԿԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Հայմամուլի» տնօրեն
-Ես երկուհազարապետ եմ։ Ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ֆիզիկապես բոլորը, այդ թվում՝ ես, պատրաստ ենք. ինչ-ինչ կազմակերպական խնդիրներ են մնացել, դրանք էլ կլուծենք։ Բոլորը ամեն ինչ ստացել են ժամանակին, մասնակցելու ենք Մարալիկի խաչմերուկից 1 կմ վերեւ եւ 1 կմ ներքեւ։

 

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

<Հայոց Աշխարհ>, օրաթերթ

Մայիս, 2005թ.

Share on Facebook