ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապարանի հերոսամարտի 99-ամյակին նվիրված տոնակատարություն

Մայիսի 28-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպում է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 99-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11:00-ին՝ Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ավանդական դարձած
Մանրամասն



Ապարանի հերոսամարտի 98-ամյակին նվիրված տոնակատարություն:



Հին տոմարով Նոր տարի Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ավանդաբար հունվար ամսին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է Հին տոմարով Նոր տարվա տոնակատարություն, որին մասնակցում է ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ` մայրաքաղաք Երեւանի եւ հանրապետության մարզերի ազգաբնակչությունը: Հանրապետության մարզերի ներկայացուցիչները, Ապարանի տարածաշրջանի գյուղական համայքները երգ ու պարով,
Մանրամասն




ՍԱ ՍԻՐՈ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Հայոց Աշխարհ” օրաթերթ

Մայիս, 2005թ.

Քառագագաթ Արագածի եզրագծով հսկայական շուրջպար բռնելու նախաձեռնությունը, որով վերջերս հանդես եկավ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, ոգեւորել է շատերին։ Եւ ինչպես երեկ մեր թղթակցի հետ զրույցի ժամանակ նկատեց միության մշակութային հանձնախմբի նախագահ, Դանիել Վարուժանի անվան դպրոցի տնօրեն ՕՖԵԼՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, դատելով խանդավառությունից, որով հասարակության տարբեր խավերն արձագանքել են շուրջպարի մտահղացմանը, այդ գաղափարը թերեւս ավելի վաղուց է եղել մեր մեջ, քան դրա մասին հայտարարվեց։

«Այս մասին խոսելիս չէի ցանկանա անընդհատ նշել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անունը, քանզի «Միասնության շուրջպարի» նախաձեռնությունն արդեն դուրս է եկել մեր միության շրջանակներից եւ, հավատացեք, դարձել է բոլորիս սեփականությունը։ Երբ սկզբում այս մտահղացումն առաջարկվեց եւ այն ներկայացրինք հասարակությանը, մեզ հաճելիորեն զարմացրեց մարդկանց խանդավառ ընդունելությունը։ Ի դեպ, ասեմ, որ այս գեղեցիկ ձեռնարկի կազմակերպմամբ զբաղվող կենտրոնական շտաբի նախագահը գյումրեցի է, կազմկոմիտեում կան ե՛ւ սասունցիներ, ե՛ւ թալինցիներ, ե՛ւ լոռեցիներ, ե՛ւ գյումրեցիներ, իհարկե նաեւ ապարանցիներ։
Ամեն երեկո շտաբ են գալիս բազմաթիվ մարդիկ Հայաստանի տարբեր մարզերից ու բնակավայրերից։ Գալիս են ուսանողներ, ավարտական դասարանների աշակերտներ, համայնքների, տարբեր կոլեկտիվների ղեկավարներ եւ ցանկություն են հայտնում մասնակցելու «Միասնության շուրջպարին»։ Արդեն այս ակցիայում ընդգրկված են բազում հասարակական կազմակերպություններ։ Իսկ ամենից հուզիչն այն էր, որ հաշմանդամների միության նախագահը դիմեց ինձ, հայտնելով, թե իրենք եւս ցանկանում են մասնակցել ակցիային։
Ավելին ասեմ. օրերս Մոսկվայից մեր հայրենակիցներն էին զանգահարել, հայտնելով, որ արդեն մայիսի 26-ի չվերթի համար տոմսեր են գնել եւ անպայման ներկա են լինելու այդ գեղեցիկ եւ խորհրդանշական իրադարձությանը, ու խնդրում էին իրենց համար անպայման տեղ առանձնացնել։ Մասնակցության ցանկություն են հայտնել արդեն Լոս Անջելեսից, Գերմանիայից, Սլովակիայից, Ուզբեկստանից եւ, դատելով արձագանքների ջերմությունից, սա դեռ ամենը չէ»,- ասաց տիկին Պետրոսյանը։
Եւ մենք եւս համոզված ենք, որ «Միասնության շուրջպարը» իսկապես հրաշալի մտահղացում է։ Եւ նախաձեռնության ընդգրկումն էլ բավական լայն է։ Դատեք ինքներդ, հսկայական Արագածի շուրջ, մոտ 155 կիլոմետր ձգվող Աշտարակ-Արտաշավան-Ապարան-Ծաղկահովիտ-Ալագյազ-Արթիկ-Մարալիկ-Կարմրաշեն-Թալին-Աշտարակ եզրագծով առնվազն 160 հազար մարդ, ձեռք ձեռքի տված շուրջպար է բռնելու Մայիսի 28-ի տոնական օրը։ Ու թեպետ բուն ձեռնարկն անց է կացվելու Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտի տարելիցների օրերին, բայց «Միասնության շուրջպարը» նվիրված է բազում հիշարժան իրադարձությունների։
Մեր զրուցակցի խոսքերով, այս ակցիայով նշանավորվելու է ե՛ւ Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրն ու ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյակը, ե՛ւ Մայիսի 26-ը՝ Ավարայրի ճակատամարտի օրը, ե՛ւ Հայոց գրերի գյուտի՝ «մեր պատմության ամենամեծ հրաշագործություններից մեկի» 1600-ամյակը։ Ըստ որում, շուրջպարից մի ճյուղ ձգվելու է դեպի Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմը, իսկ այդ ճանապարհին ծառատունկից բացի, տեղադրվելու է մեծագույն հայի հայտնագործած Այբուբենի յուրաքանչյուր տառով մեկական խաչքար։
Միաժամանակ ողջ հայությանը համախմբման ու միասնության կոչող այս ձեռնարկը նվիրված է լինելու նաեւ Ցեղասպանության 90-րդ տարելիցին, ասես յուրովի խորհրդանշելով՝ «Կա՛նք, պիտի լինե՛նք ու դեռ շատանա՛նք»-ի հուժկու գաղափարը։
«Ահա այսպիսի բազում խորհուրդներ ունի իր մեջ մեր համազգային նախաձեռնությունը։ Մի անգամ ինձ հարցրին, թե ի՞նչ կա ձեր շտաբում։ Ասացի՝ անսահման սեր կա, որ բաժանենք, բոլորին կբավականացնի։ Ահա այդ սիրո, միասնության եւ համախմբման խորհուրդն ունի իր մեջ «Միասնության շուրջպարը»։ Մտածում ենք, որ առնվազն 160 հազար մարդու մասնակցություն է պետք, որ շուրջպարը բոլորի։ Բայց ոգեւորությունից ու մասնակցել ցանկացողների բազմությունից դատելով, ինձ թվում է, թե երկու շրջանով պար պիտի բռնենք»,- ասում է Օֆելյա Պետրոսյանը։
Ի՞նչ է լինելու եւ ինչպե՞ս։ Մեր զրուցակցի խոսքերով, ամեն ինչ սկսվելու է դեռ մայիսի 27-ի երեկոյան, մթնշաղին, ժամը 20-ի սահմաններում։ Մոտ 900 խարույկ է վառվելու Արագածի փեշերին, շուրջպարի եզրագծով, բոլոր այն վայրերում, ուր մասնակից-կամավորականները, հիմնականում ուսանողներ ու երիտասարդներ, վրաններ են զարկելու եւ լուսացնելու են մայիսի 28-ի գիշերը։ Իսկ մայիսի 27-ին խարույկներից բացի, Արագածի գագաթին հսկայական հրավառություն է լինելու, որ կերեւա Երեւանից անգամ։ Նույն այդ պահին երկնքից, Արագածի չորս գագաթների մեջտեղն է իջնելու Գրիգոր Լուսավորչի կանթեղը խորհրդանշող ճրագը։
Հաջորդ օրը, առավոտից սկսած, արդեն նշված եզրագծով հավաքվելու է մարդկանց հիմնական բազմությունը։ Եւ մինչեւ ժամը 14-ը առնվազն 160 հազար մասնակիցներ, եթե ոչ ավելին, արդեն համախմբված կլինեն յուրաքանչյուրն իրենց նախապես սահմանված վայրերում։ Մայիսի 28-ին, ժամը 14-ին, 155 կիլոմետրանոց ողջ եզրագծով հնչելու է ժողովրդական պարեղանակ եւ ոգեւորված հայությունը շուրջպար է բռնելու մոտ 15 րոպե։ Ցանկացողներն իհարկե կարող են դրանից հետո էլ շարունակել պարը, մանավանդ որ ակցիային հաջորդելու է ժողովրդական տոնախմբությունը մինչեւ ուշ երեկո։
Օ.Պետրոսյանը հայտնեց, որ շուրջպարի բոլոր մասնակիցները միանման եւ ծիրանագույն գլխարկներ են կրելու։ Իսկ շուրջպարից հետո յուրաքանչյուրը մեկ ծառ է տնկելու Արագածի փեշերին, այսինքն՝ առնվազն 160 հազար տնկի։ Ի դեպ, յուրաքանչյուր մասնակցի տրվելու է համապատասխան սերտիֆիկատ։ Ավելին՝ այս առիթով մշուշոտ Ալբիոնից ներկայացուցիչներ են ժամանելու, որպեսզի հայության «Միասնության շուրջպարի» աննախադեպ եղելությունն արձանագրեն Գինեսի ռեկորդների գրքում։
Ի՞նչն է տարօրինակ. մեր հասարակության մեջ գտնվում են միայն իրենց բնորոշ հիվանդ «երեւակայության» տեր ոմանք ու փորձում են այս իրոք գեղեցիկ նախաձեռնությունը զուգահեռել, որքան էլ զարմանալի չհնչի՝ կռապաշտության հետ։ Թերեւս իրավացի է աշակերտների ոչ մեկ սերունդ կյանք ճանապարհած ուսուցչուհին, երբ վերոհիշյալի մասին մեր դիտարկմանն անդրադառնալով, հակիրճ նկատեց. «Այդօրինակ ոմանք երբեմն կգտնվեն։ Բայց նմաններին, կարծում եմ, չարժե ուշադրություն դարձնել ընդհանրապես»։ Իրոք կիսագրագետ ու սեփական ժողովրդի հոգեւոր ավանդույթների մասին պատկերացում չունեցող ոմանց չարժե անդրադառնալ, քանզի դրանք չար մանրուք են ընդամենը։ Մենք բարության գովքն ենք անում, որ ժպտում է ամենքին…

Share on Facebook